Արշակ II

Արշակ II­ (350-368թթ.)

Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II­ (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։

Արշակ և Շապուհ։
Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին` իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստա տելու նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող պատմություն։ Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակունիների ամրոց

Պատերազմի և Արշակ թագավորի մասին
«Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը։ Երկու ճակատները խառնվում են իրար, և պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով, իրենց ձիերի վրայից հարվածելով` քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ գետին էին գլորում, հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»: Շապուհ թագավորը, երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,– ասում է նա,– իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը սա էր, որին այս անգամ պատահեցի։ Որովհետև երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հզոր և անշարժ աշտարակ։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած` Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ, իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր կամ իրենց հետ գնդի մեջ է, իբրև պատերազմի գլուխ կանգնած։ Այո՛,– ասում էր նա,– երանի՜ նրան, ով Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»։

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն

Պապ

Պապ (370-374թթ.)

Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին` Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զին վորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակ վում կուսա նոց ներն ու մենաստան ները: Հայոց երիտասարդ ար քայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։
Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի` Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։

Հայ Արշակունիների գահացանկ

  • Տրդատ Ա-(52/66-88)
  • Սանատրուկ-(88-110)
  • Վաղարշ Ա-(117-140)
  • Սոհեմոս-Տիգրան-(140-161/163-186)
  • Տրդատ Բ-(161-163)
  • Վաղարշ Բ-(186-211)
  • Խոսրով Բ-(211-259)
  • Տրդատ Գ-(287-330)
  • Խոսրով Գ-(330-338)
  • Տիրան-(338-350)
  • Արշակ Բ-(350-368)
  • Պապ-(370-374)
  • Վարազդատ-(374-378)
  • Արշակ Գ-(378-389)
  • Խոսրով Դ-(387-388/414-415)
  • Վռամշապուհ-(388-414)
  • Շապուհ-(415-419)
  • Արտաշես-(422-428)

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։

  • Արշակ II­ը ամրապնդում է երկրի իշխանությունը ղաղաություն և համերաշխություն էր տիրում նրա օրոգ երկրում:
    2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։
  • Ներսես Շնորալին
    3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։
    4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։
  • ռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *